Sunday, April 14, 2013

հույզը բռունցքի մեջ

Փոշի է բարձրանում: Հողը չոր է: Կոպիտ կոշիկների տակ ճզմվում է հատիկը, մխրճվում: Ճաքճքած ափի մեջ լցնում է ցորենը, շաղախում աղոթքով, անեծքով, տալիս է հողին:
Ու երկնում է հատիկը, ցավից տնքում, ծիլ տալիս: Մեծանում են աղթոքն ու անեծքը, դարդն ու ցավը, երազանքն ու իղձը: Հատիկը մահանում է:
Հոգսից ճաքճքած ձեռքերի ծալքերում շաբաթներով կուտակվում են փոշին, հողը, արյունն ու քրտինքը: Չորանում: Ու մաքրվում է միայն խմորը հունցելիս:
Հաց՝ աղոթքով, անեծքով, արյամբ ու քրտինքով:
Հաց Մարդ: 

Tuesday, May 17, 2011

Tuesday, March 8, 2011

Ինքս ինձ կորցրել եմ

Զգացողություններս ի սկզբանե սպանվել են: Իմ և հարազատ մարդկանց կողմից:
Հիմա էլ չկան: Կամ՝ կան, բայց ես դրանց հետ էլ կապ չունեմ, կապը կորցրել եմ:
Հիմա ո'չ ինձ, ո'չ այլոց չեմ զգում:
ՄՏԱԾՈՒՄ եմ: Ինձ եմ մտածում, մտերիմներիս եմ մտածում...
Ու էլ չեմ զգում:

Ու դարձել եմ ԴՈՒՐՍ, ՆԵՐՍՍ կորցրել եմ:



Sunday, February 27, 2011

Դու երկինքն ես

Ասում են, թե դու երկնքում ես:
Բայց ի՞նչ կանի երկինքը առանց քեզ:

Չէ', դու հենց երկինքն ես՝ անստեղծ, անսկիզբ, անվերջ:
Երկինքը, որին նայելու համար մաքս չեմ տալիս, որը չենք մաս- մաս արել, բաժանել իրար մեջ, որը սահմաններ չունի:
Դու երկինքն ես, որը երազելու համար նյութը անզոր է, զորեղ է ՀՈԳԻՆ:

Իսկ մենք գետինն ենք՝ սահմաններով, պատերազմներով, գաղափարախոսություններով, կեղծիքով...

Ի՞նչ անենք, որ էս գետինն էլ քո՝ Երկնքի նման լինի:

Saturday, January 22, 2011

ՀԱՅՐ

հոգու ծնող:
Անմարմին Հոգիս քեզ հե՞տ է:  
Քո անբաժան մասը...
Թե՞ դու անմարմին հոգիների միջավայրն ես: 
Նրանց հոգեղեն սնունդը, օդը, ջուրը....
Թե՞ դու այն կանոնն ես, որով գոյություն ունեն անմարմին հոգիները: 
Նրանց անմահության կանոնը...
Հոգիս վախենու՞մ է քեզնից: Սիրու՞մ է: Հարգու՞մ է: 
Թե՞ դու լուսեղեն այն ուղին ես, որով շարժվում է հոգիս: 
Անսահման լույսի ուղղորդումը...
Թե՞ իմ հոգին հենց քեզնից է: 
Քո մասնիկը...
Հա'յր: Հոգու' Հայր: 
Հոգին կյանք ունի՞: 
Թե՞ կյանքը միայն մարմնինն է:
 


Friday, January 14, 2011

"Եվ թող մեզ զպարտիս մեր..."

Եթե պարտք ենք, ուրեմն՝
- տալուց առաջ մեզ հարցրել են,
- պայմանավորվել ենք,
- տվել են,
- մենք համարժեք չենք պատասխանել:

Եթե սա աղոթք է, ապա՝
- մենք համարժեք չէինք էլ կարող պատասխանել:

Մենք համաձայնվել ենք, որ մեզ տան մի բան, որի համար մենք համարժեք պատասխան չենք կարող տալ:  Եվ դա ծրագրավորվել է մեր մեջ:
(իսկ եթե չենք համաձայնվել, ուրեմն պարտքի մասին խոսք լինել չի կարող)

Հիմա պատկերացնենք, որ հայրը պայմանավորվում է որդու հետ՝ մինչև ծնունդը՝
- ես քեզ կտամ ԿՅԱՆՔ, ապրելու ու հիանալու ունակություն, երջանկության հնարավորություն, ԻՄ ՆՄԱՆԸ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ, փոխարենը դու ինձ կտաս ... Ի՞ՆՉ:

Կարող է լինել, օրինակ՝
- փոխարենը դու պարտավորվում ես ԵՐՋԱՆԻԿ լինել:
Կամ՝
- Փոխարենը դու ինձ հավատա: Հավատա, որ իմ նման ես:

Իսկ եթե չես հավատում, ուրեմն.... պա՞րտք ես:

Չի ստացվում:
Իսկ գուցե տրված ՀԱՑԻ դիմա՞ց ենք պարտք:
Դժվար թե այդքան մանրանայինք:

Իսկ միգուցե մեզ չեն էլ հարցրե՞լ տալուց:
Ինչպես մենք՝ մեր զավակներին չենք հարցնում....

Sunday, January 9, 2011

"Լիներ հեռու մի անկյուն...

... Լիներ մանկան քաղցր քուն...."
Օջախս սկսել է ամեն երեկո ինձ քաշել իր գիրքը:
Տաք, հաճելի...
Ամեն օր սրտատրոփ տուն եմ գնում, որ վայելեմ այդ խաղաղությունը...
ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ:

Thursday, December 23, 2010

Երկու օր

Երկու օր է պետք, որ կանգ առնեմ ու մտածեմ, թե ուր եմ գնում:
Ու եթե բախտս բերի ու այդ երկու օրը սարերում լինեմ, կարող եմ անգամ զգալ դա:
Վերջին շրջանում ընթացքս վազք է հիշեցնում, իսկ այստեղ սխալվելու հավանականությունը մեծանում է:
ԿԱՆԳԱՌ է պետք:

Wednesday, December 15, 2010

Ու՞ր գնամ...

որ մենակ մնամ:
Լրիվ մենակ:
Տաք լինի, ջերմ: Տաք՝ ինչպես մայրական գիրկը:

Մի վառարան, տալաշած կարտոֆիլ, ու... քամու գվվոցը վառարանի մեջ:

Իմ մեծ ընկեր Արարատը մահացել է: Նա Հաղարծնի պահակն էր:

Friday, December 10, 2010

Ալֆա

Ալֆային էլ եմ հանում այստեղից:
Մնում եմ մենակ:
Հետո հետ կդառնամ, կկարդամ, կհասկանամ:
ԹԵ ՈՒՐ ԵՄ ԳՆՈՒՄ:

էլի կեղծիքի մասին

Էնքան եմ ասել՝ մարդ պետք է անկեղծ լինի, որ հասկացել եմ, որ ավելի շատ, ամենաշատը, դա ինձ է պետք:
Հանեմ կյանքիս կեղծիքները, շարեմ դարակս: 
Նայեմ այդ կեղծիքներին: 
Նայեմ: Նայեմ: 
Հասկանամ, որ առանց ինձ դրանք չկան: 
Որ եթե շարել եմ, ուրեմն դեռ մեջս են: 
Մեջիս դարակներում:
Ուղեղիս: 
Մարմինիս: 
Բջջի մակարդակի վրա: Կեղծիք կա: 
Կամք, ոգի չունեմ դրանք հանելու: 
Ու գանլով ավելի ու ավելի քիչ է հավանական, որ կհանեմ: 
Բայց դա ինձ շատ է պետք: 

Thursday, November 4, 2010

Tuesday, October 12, 2010

Մենք ենք

Չիլիում սկսվեց հանքափորների փրկարարական գործողության վերջնական փուլը:
Օգոստոսի 5- ից 33 մարդ 700 մետր խորության վրա են:
Մարդկությունը միացել է գործողությանը: Երկու հազար լրագրող կա վայրում, Չիլիի նախագահը, Բոլիվիայի նախագահը, Եվրոնյուզը ուղիղ եթերում ցուցադրում է փրկարարական գործողությունը...
Բերել են աշխարհի ամենաժամանակակից տեխնոլոգիաները, ամենալավ մասնագետներին...
Կապսուլան ներքև են իջեցնում...
Բոլոր հանքափորների հարազատները այստեղ են:
Իրականում հուզիչ պահ է:
Ինչի~ է ընդունակ մարդկությունը՝ փրկելու համար իր զավակներին:
.....
Երեկ Իրաքում յոթանասուն մարդ է զոհվել ականի պայթեցման հետևանքով:
Երեկ Ուկրաինայում քառասուն մարդ է զոհվել ավտոպատահարի հետևանքով...
Ամեն օր հինգ հարյուր երեխա սովամահ է լինում:
Ու այս 33- ին էլ կենդանի կթաղեին, եթե հանքի փլուզումից քսան օր հետո հանքափորները հրաշքով նամակ չուղարկեին և չմատնանշեին իրենց տեղը: Ու եթե նրան հարազատները համառորեն չմնային հանքի տարածքում՝ վրանային ճամբար ստեղծելով:

Sunday, October 10, 2010

տանն եմ

Մեր ժողովրդին որ հարց տվող լինի.
- Տա՞նն ես:
Ի՞նչ է պատասխանելու:
Մեկի տունը Վանում է, մյուսինը՝ Սալմաստում, մեկը Բայազետից է....
Ու տանը չենք:
Ու այս տեղը այդպես էլ հարազատ տուն չի դառնում:
....
լուսամուտից պապիրոզի ակուրկեն կտտցնում...

Monday, September 13, 2010

Ռեյտինգն ընկնում է

Փորձում եմ գրել ալիքի ձայնը:
Չի ստացվում:
Լսում եմ, բայց գրել չեմ կարող:
Լսում, բայց չեմ գրում ... էլի շատ բաներ:
Մի փքված ճայ է կռնչում:
Իր ձայնն էլ չեմ կարող գրել:
- Գյա, էտա սետկեն թալ ջուրը:
Սա լսում եմ և գրում եմ:
Պայթած լոդկով երկու ձկնորս ռակ են բռնում:
...
Սրտիս մեջ է'լ մի ձայն կա:
Չէ, սա հաստատ չեմ կարող գրել:

....
Փոքր աղջիկս լալիս է:
Ձայնը լսում եմ, բայց չեմ կարող գրել:
Մեծն է լալիս՝
- Էդ շորը չե'մ հագնիիիիի:
...
Ու էդպես էլ ճշմարտությունը մնում է ԱՆԳԻՐ:
Ծվարում է մեր սրտերի մեջ և մեկ- մեկ անհանգստացնում իր պարապ թրթիռներով:
...
- Քաշի աջ, կանգնի', - լսում եմ մայրուղու կողմից:
ՀԻմա գայիշնիկը սրտի խորքից ճշմարիտ քարոզ է կարդում....

Monday, August 9, 2010

Ինչու՞ ենք այսքան սիրում մեր երեխաներին

դրանից չէ՞, որ այսքան շարունակվում ենք
այսքան ապագայոտ ենք
այսքան ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ենք

ցաքուցրիվ

կտրտված ենք
իրարից հեռու
արմատից հեռու
տեսլականից հեռու
բայց գիտենք
որ արմատ կա
հիմա կա
տեսիլք կա
ու երբ զգում ենք, որ արմատը, տեսլականն ու այսօրը կարող են կորչել,
ԲՅՈՒՐԵՂԱՆՈՒՄ ենք
ու էական են դառնում հարևանը, ընկերը, ընտանիքը,
հայրենքը, արմատը, տեսլականը, առաքելությունը
ԲՅՈՒՐԵՂԱՆՒՄ ենք:

ԻՆՉՊԵՍ ԴԱՎԻԹԸ, ՄՀԵՐԸ...

ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ
ԵՐԲ ՆՎԻՐՎՈՒՄ ԵՆՔ
ԵՐԲ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՐ
ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ
ԵՐԲ ԶԳՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՐ
ԶԳՈՒՄ ԵՆՔ
ՈՐ ԴԻՄԱՑԸ ՄԱՐԴ ԿԱ
ԱՊՐՈՂ ԷԱԿ
ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ
ԵՐԲ ՔՐԻՍՏՈՍԸ ԴԱՎԹԻ ԿԵՐՊԱՐԱՆՔՆ Է ԱՌՆՈՒՄ
ԵՐԲ ԱՄԵՆ ՔԱՐԱՅՐԻ ՆԱՅԵԼԻՍ ՄՀԵՐԻ ԴՈՒՌՆ ԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ
ՈՒ ԳԻՏԵՆՔ
ՈՐ ԿՈՂՔԸ ՄԱՐԴ ԿԱ...

Tuesday, July 13, 2010

մեռնեմ, և Աստված հարցնի, թե ինչ եմ արել, ի՞նչ կպատասխանեմ:
Ու արդեն քանի օր է, չգիտեմ, թե ի՞նչ եմ ասելու:
Ու ի՞նչ եմ արել ինձ տրված կյանքը:
... բլոտ եմ խաղացել
...լողացել եմ...
... երեխա եմ ունեցել...
ու չգիտեմ, թե էլ ինչ եմ արել...
բայց Աստծո պատասխանը չունեմ:
ՉՈՒՆԵՄ:

Saturday, July 10, 2010

Ինչի՞ց է, չգիտեմ:
Կյանքս մի կողմից վազում է, մյուս կողմից՝ մեռած է:
Երեկ վազում էր, այսօր՝ մեռած:
Հիմա չգիտեմ, ինչու՞ վազեմ:
Հիմա մեռել եմ:
Կյաքը կանգ է առել:
Հեռավոր անկյուն:
Մի՞թե հայրենիքը արժեք է:
Իսկ ընտանի՞քը:
Իսկ երեխանե՞րը:
ԿԱՄ ՄԻ՞ԹԵ ԱՐԺԵՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԴԱ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳ:

Հիմա կյանքը մեռած է: Կանգնած: Շարժ չկա:
Սա՞ է իրականը: Ոչ մի ծպտուն:
Ոչ մի շշուկ, շրշյուն անգամ:
Եվ հիմա չգիտեմ, ու՞ր եմ վազում:

Tuesday, June 29, 2010

Ինչու՞ է այնպես, ինչպես կա, կամ՝ ինչի՞ց սկսել

Անտեր երկիր՝ անկանոն, անտեսիլք, անհետևողական, անդաստիարակ, քոչվոր: Ենթակա:
Կեղծ կրթություն՝ անորակ, ձևական, անփորձ, անդպրոց: Ճորտ:
Անմխիթար հավատ՝ հեթանոս, կռապաշտ, անհույս, անսեր, չմկրտված: Խավար:
Կեղտոտ փողոցներ՝ անկարգ, անխնամ, անմշակ, քարուքանդ: Գաղջ:
Անծառ քաղաք՝ բզկտված, փոշոտ, ցաքուցրիվ, անճոռնի: Հիվանդ:

…..

Մոլախոտերով լեցուն այգի:
Պլաստիկ շշերով լի ավտոտնակ:
Պատերից դուրս ցցված վարդակներ:
Ամենուր աչք ծակող լարեր:
Ծխախոտի մնացորդներով լեցուն մոխրամաններ:
Պահարանների կոտրված դռներ:
Մշտապես ծլծլացող ծորակներ:
Խոհանոց՝ անպետք արկղերով, մութ, յուղոտ:
Զուգարան՝ օգտագործված, անջուր, մոծակներով ու ճանճերով:

Wednesday, June 23, 2010

Ամեն ոք իր համար, և Աստված ընդդեմ ամենքի

Նա սրտի շրջանում ծակոցներ էր զգում: Որոշ ժամանակ անց ստուգվեց. տեղեկացավ, որ հիվանդ է: Շրջապատում գրեթե բոլորը գիտեին նրա հիվանդության մասին:


Չէր դժգոհում, ընդունում էր ու հավատարիմ էր իր հիվանդությանը: Համբերատար սպասում էր, թե երբ է առողջանալու, չնայած բժիշկը հույս չէր տալիս:

Այդ հիվանդությամբ շատերն են հիվանդանում, պարզապես հիվանդության ստադիաներն են տարբեր: Շատերը բուժվում են, իսկ եթե ոչ, ապա երկար չեն ապրում` մաքսիմում 3 տարի:

Այս դեպքում անցել է ավելի քան 3 տարի: Նա դեռ հիվանդ է, բայց ապրում է: Մի քանի շաբաթ առաջ նա ծանոթացավ նույն ոլորտի մեկ այլ բժշկի հետ: Որոշեց գաղտնի այցելել նաև այս մեկին: Ընթացքում հասկացավ, որ նույն մեթոդներով են աշխատում: Մի քանի օր անց տեղեկացավ, որ նախկին բժիշկը վերջնականպես հրաժարվել է շարունակել բուժումը: Այս փաստը ծանր տարավ: Մյուս կողմից ուրախ էր, որ նոր բժիշկ ունի:

Հաջորդ օրվանից նոր բժիշկը պարզապես անհետացավ …

"Ուսանողուհու օրագիր" շարքից

Friday, June 4, 2010

Ամեն առավոտ

Տանից դուրս գալիս հասկանում եմ, որ պետք եմ ձեզ:
Որ պատասխանատու եմ: Ու իմ մասնիկը ձեզ տալու համար ձեզ հետ պետք է լինեմ:

Ամեն առավոտ զգում եմ, որ եթե ձեզ հետ չեմ, ուրեմն ավելի մեծ գործ պետք է անեմ, քան ձեզ հետ լինելն է:

Ու առաքելության գիտակցումը մշտավառ է:

Դու կանչեցիր, բայց ես չեկա...

Երկու օր է, զգում եմ, որ տեսել եմ քեզ, բայց ձեռք չեմ մեկնել:
Դու կանգնած էիր ճանապարհին. հաշմանդամ: Փորձում էիր փոխել քո մեքենայի անիվը:
Տեսա: Ճանաչեցի: Չկանգնեցի:

Էական չէ, թե ով էր իրականում այդ մարդը:
Հիմա հաստատ գիտեմ, դա ԴՈՒ էիր:

Էլ ինչ խղճով խնդրեմ քեզնից:

Tuesday, June 1, 2010

Փոքրիկ, քնքուշ աշխարհ

Երեկոյան դուրս էի գալիս տնից:
- Պապ, զգույշ կլինես, պաձեստը շուն կա, համ էլ կատու:
Համբուրեցի, դուրս եկա:
Քայլեցի աննպատակ, անարդյունք...
Սկսել է իմ մասին հոգ տանել:
Տակավին չորս տարեկան է: Դեռ չեմ էլ հասցրել ինքս արդարև հոգալ իր մասին, բայց, արդեն... "պապ, զգույշ կլինես":
Նուրբ, քնքուշ զգացողություն:
Նա իմ մասին է հոգում:
Նա արդեն մարդ է: Ինչպես՝ ես:
Ես նոր աշխարհ եմ ծնել: