Tuesday, June 29, 2010

Ինչու՞ է այնպես, ինչպես կա, կամ՝ ինչի՞ց սկսել

Անտեր երկիր՝ անկանոն, անտեսիլք, անհետևողական, անդաստիարակ, քոչվոր: Ենթակա:
Կեղծ կրթություն՝ անորակ, ձևական, անփորձ, անդպրոց: Ճորտ:
Անմխիթար հավատ՝ հեթանոս, կռապաշտ, անհույս, անսեր, չմկրտված: Խավար:
Կեղտոտ փողոցներ՝ անկարգ, անխնամ, անմշակ, քարուքանդ: Գաղջ:
Անծառ քաղաք՝ բզկտված, փոշոտ, ցաքուցրիվ, անճոռնի: Հիվանդ:

…..

Մոլախոտերով լեցուն այգի:
Պլաստիկ շշերով լի ավտոտնակ:
Պատերից դուրս ցցված վարդակներ:
Ամենուր աչք ծակող լարեր:
Ծխախոտի մնացորդներով լեցուն մոխրամաններ:
Պահարանների կոտրված դռներ:
Մշտապես ծլծլացող ծորակներ:
Խոհանոց՝ անպետք արկղերով, մութ, յուղոտ:
Զուգարան՝ օգտագործված, անջուր, մոծակներով ու ճանճերով:

Wednesday, June 23, 2010

Ամեն ոք իր համար, և Աստված ընդդեմ ամենքի

Նա սրտի շրջանում ծակոցներ էր զգում: Որոշ ժամանակ անց ստուգվեց. տեղեկացավ, որ հիվանդ է: Շրջապատում գրեթե բոլորը գիտեին նրա հիվանդության մասին:


Չէր դժգոհում, ընդունում էր ու հավատարիմ էր իր հիվանդությանը: Համբերատար սպասում էր, թե երբ է առողջանալու, չնայած բժիշկը հույս չէր տալիս:

Այդ հիվանդությամբ շատերն են հիվանդանում, պարզապես հիվանդության ստադիաներն են տարբեր: Շատերը բուժվում են, իսկ եթե ոչ, ապա երկար չեն ապրում` մաքսիմում 3 տարի:

Այս դեպքում անցել է ավելի քան 3 տարի: Նա դեռ հիվանդ է, բայց ապրում է: Մի քանի շաբաթ առաջ նա ծանոթացավ նույն ոլորտի մեկ այլ բժշկի հետ: Որոշեց գաղտնի այցելել նաև այս մեկին: Ընթացքում հասկացավ, որ նույն մեթոդներով են աշխատում: Մի քանի օր անց տեղեկացավ, որ նախկին բժիշկը վերջնականպես հրաժարվել է շարունակել բուժումը: Այս փաստը ծանր տարավ: Մյուս կողմից ուրախ էր, որ նոր բժիշկ ունի:

Հաջորդ օրվանից նոր բժիշկը պարզապես անհետացավ …

"Ուսանողուհու օրագիր" շարքից

Friday, June 4, 2010

Ամեն առավոտ

Տանից դուրս գալիս հասկանում եմ, որ պետք եմ ձեզ:
Որ պատասխանատու եմ: Ու իմ մասնիկը ձեզ տալու համար ձեզ հետ պետք է լինեմ:

Ամեն առավոտ զգում եմ, որ եթե ձեզ հետ չեմ, ուրեմն ավելի մեծ գործ պետք է անեմ, քան ձեզ հետ լինելն է:

Ու առաքելության գիտակցումը մշտավառ է:

Դու կանչեցիր, բայց ես չեկա...

Երկու օր է, զգում եմ, որ տեսել եմ քեզ, բայց ձեռք չեմ մեկնել:
Դու կանգնած էիր ճանապարհին. հաշմանդամ: Փորձում էիր փոխել քո մեքենայի անիվը:
Տեսա: Ճանաչեցի: Չկանգնեցի:

Էական չէ, թե ով էր իրականում այդ մարդը:
Հիմա հաստատ գիտեմ, դա ԴՈՒ էիր:

Էլ ինչ խղճով խնդրեմ քեզնից:

Tuesday, June 1, 2010

Փոքրիկ, քնքուշ աշխարհ

Երեկոյան դուրս էի գալիս տնից:
- Պապ, զգույշ կլինես, պաձեստը շուն կա, համ էլ կատու:
Համբուրեցի, դուրս եկա:
Քայլեցի աննպատակ, անարդյունք...
Սկսել է իմ մասին հոգ տանել:
Տակավին չորս տարեկան է: Դեռ չեմ էլ հասցրել ինքս արդարև հոգալ իր մասին, բայց, արդեն... "պապ, զգույշ կլինես":
Նուրբ, քնքուշ զգացողություն:
Նա իմ մասին է հոգում:
Նա արդեն մարդ է: Ինչպես՝ ես:
Ես նոր աշխարհ եմ ծնել: